ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Մենք միատեսակ վերաբերմունք ունենք խարդախների, գողերի և խաբեբաների նկատմամբ»

«Մենք միատեսակ վերաբերմունք ունենք խարդախների, գողերի և  խաբեբաների նկատմամբ»
15.05.2015 | 00:40

Մայիսի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացառիկ հարցազրույց է տվել չինական «Սինխուա» լրատվական գործակալությանը։ Շանհայում մեր թղթակից ՍՈՒՍԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ մատուցմամբ այն, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

ՀԱՐՑ- Դուք սպասում եք ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի Բելառուսի Հանրապետություն կատարելիք այցին, ի՞նչ ակնկալիքներ ունեք նրա հետ առաջիկա հանդիպումից։
ՊԱՏԱՍԽԱՆ- Երևի գիտեք, որ մենք ոչ միայն լավ հարաբերություններ ունենք Չինական Ժողովրդական Հանրապետության հետ և ոչ միայն դրականորեն ենք գնահատում մեր հարաբերությունների ընթացքը և դրանց ամրապնդումը, այլև հպարտանում ենք այն հարաբերություններով, որ ձևավորվում են Բելառուսի և չինական պետության միջև, մենք հպարտ ենք, որ նման ռազմավարական գործընկեր ունենք։ Չինական Ժողովրդական Հանրապետություն իմ վերջին այցելության ժամանակ մենք ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցինք։ Եվ այն, որ մեր շատ մերձավոր բարեկամ Սի Ցզինպինը (իսկ մենք ծանոթ ենք եղել դեռ մինչև նրա նախագահ դառնալը), Բելառուս է գալիս նախագահական ընտրությունների նախօրեին, մենք շատ բարձր ենք գնահատում, որովհետև քաղաքականության մեջ վերաբերմունքն ու նման այցերը մեծ նշանակություն ունեն։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում։ Եվ դա ոչ միայն քաղաքական վարմունք է։ Չինաստանի առաջնորդը Բելառուս է գալիս, մենք այստեղ կքննարկենք ոչ միայն քաղաքական խնդիրներ, այլև տնտեսական, առևտրատնտեսական հարցեր։ Մենք չենք թաքցնում այն, որ Բելառուսը Չինաստանի համար այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում, բարեբախտություն է։ Հսկայական Չինաստանը, հզոր Չինաստանն էլ մեզ համար է բարեբախտություն, որի վրա մենք կարող ենք հենվել միջազգային ասպարեզում։ Աշխարհի ցանկացած մասում մենք կարող ենք հենվել Չինաստանի վրա։ Մենք էլ պատրաստ ենք չինական պետությանը, չին ժողովրդին օգտակար լինել այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում։ Մենք չենք ընթանում ինչ-որ մեկի դեմ, մեր բարեկամությունը որևէ մեկի դեմ չէ, մենք բարեկամություն ենք անում հանուն մեր ժողովուրդների։ Եվ հաշվի առնելով այն, որ վերջապես չինական ղեկավարությունը, տեսնելով Եվրոպան, սկսեց «Մետաքսի ճանապարհի» միջոցով կառուցել Եվրոպայի հետ իր հարաբերությունների գոտին և այլն, մենք կարող ենք չինական ղեկավարության համար շատ օգտակար լինել որպես հենակետ, որպես դեպի Եվրոպա չինական շահերի ընթացքի հսկայական տնտեսական հրապարակ։ Մենք միայն օգուտ կունենանք դրանից։ Համաձայնեք, որ այդպես է։ ՈՒստի մենք Չինաստանի նախագահի այցի ժամանակ կնայենք, թե ինչպես է «Մետաքսի ճանապարհին» սկսում կառուցվել «Մեծ քարը»՝ մեր ինդուստրիալ համալիրը։
ՀԱՐՑ- Ալեքսանդր Գրիգորևիչ, շնորհակալություն լավ խոսքերի համար։ Դուք խոսեցիք «Մեծ մետաքսի ճանապարհի» մասին, և իմ հարցն այդ մասին է։ Ինչպես նկատեցի, Դուք նշեցիք, որ Բելառուսի Հանրապետությունը կարող է հենակետ դառնալ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհի» հայեցակարգի իրագործման համար։ Ի՞նչ եք կարծում, այդ հայեցակարգի շրջանակներում ո՞ր նախագծերից մենք կսկսենք համագործակցել։
ՊԱՏԱՍԽԱՆ- Ճանապարհ բառն ինքը, ճանապարհ հասկացությունը պահանջում են այդ ճանապարհի ստեղծում։ Իսկ եթե դա թարգմանելու լինենք պրագմատիկ, առօրյա լեզվով, ապա դա երկաթուղային ճանապարհ է, դա ավտոմոբիլային ճանապարհ է, դրանք օդային ուղիներ են և այլն։ Դա այն ճանապարհն է, որով կընթանան կապիտալներ՝ բանկային համակարգ, ապրանքներ՝ դա երկաթուղային, ավտոտրանսպորտ, օդային՝ տրանսպորտը, աշխատուժ, մարդիկ տեղաշարժվում են բոլոր փոխադրամիջոցներով՝ սկսած ավտոմոբիլայինից, վերջացրած օդայինով։ Եվ հարկավոր է կառուցել այդ բեռնափոխադրական ճանապարհը, ուղիները։ Մենք դրան պատրաստ ենք։ Ավելին, մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք։ Չինական Ժողովրդական Հանրապետության օգնությամբ մենք արդիականացնում ենք երկաթգծերը, մենք արդիականացնում ենք ամբողջ ենթակառուցվածքը, այդ թվում՝ ավտոմոբիլային։ Երկրորդ, հարկավոր է ստեղծել արտադրության համապատասխան վայրեր։ «Մեծ քարը» մի հսկայական արդյունաբերական համալիր է, որտեղ կկենտրոնացվեն ապագայի տնտեսությունը, ամենաարդիական տեխնոլոգիաները։ Եվրոպան այսօր, եթե նրա հետ առևտուր անես, պահանջում է ամենաբարձր տեխնոլոգիական և էժան ապրանքները։ Դրանք մոտավորապես այն ապրանքներն են, որ այսօր ստեղծվում են Չինաստանում։ Խնդրեմ, եկեք միասին ստեղծենք այդ ձեռնարկություններն արդեն այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում։ Այսինքն, մենք պատրաստ ենք նաև այդ մտահղացման՝ «Մետաքսի ճանապարհի», տնտեսական գոտու ենթակառուցվածքի կարգաբերմանը և այն ձեռնարկությունների համար բազայի ստեղծմանը, որոնք կաշխատեն այստեղ։
ՀԱՐՑ- Ձեր վերջին ուղերձում Դուք հիշատակել եք «զարգացման բելառուսական մոդել» բառակապակցությունը։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնորեն պատմել այդ մոդելի մասին։ Ինչպե՞ս է Ձեր ղեկավարությամբ Բելառուսն ապագայում հաղթահարելու ժամանակավոր դժվարությունները։
ՊԱՏԱՍԽԱՆ- Ես, երբ դեռ պատգամավոր էի, այցելել եմ Չինական Ժողովրդական Հանրապետություն և ձեր տնտեսության աճի կետեր՝ ազատ տնտեսական գոտիներ։ Ես մեծ ուշադրությամբ ուսումնասիրել եմ դրանք։ Դառնալով նախագահ, ես միշտ բերել եմ Չինաստանի օրինակը, որ մենք պետք է շատ բան քաղենք Չինաստանից։ Չջարդել, չփշրել, չշտապել, եթե նոր համակարգ չես ստեղծել, ապա պետք չէ ավերել հինը։ Այսինքն, մենք, երևի, օգտվում ենք չինական ահա այս իմաստությունից՝ հանգիստ, աստիճանաբար, խելամիտ կերպով բարեփոխումներ կատարել։ Եվ գլխավորը, որից մենք հրաժարվել ենք, ցնցաբուժությունն է։ Միաժամանակ ամեն ինչ ջարդուփշուր անելն ու շուկայի հորձանուտ նետվելը։ Մենք այդ բանը չենք արել։ Մենք դա արել ենք աստիճանաբար։ Հիմա կոռուպցիայի դեմ պայքարի հերթն է։ Մենք ինչո՞վ ենք տարբերվում Չինաստանից։ Փաստորեն ոչնչով։ Մենք ունենք միատեսակ օրենսդրական բազա, մենք միատեսակ վերաբերմունք ունենք խարդախների, գողերի և խաբեբաների նկատմամբ, մենք պայքարում ենք կոռուպցիոներների դեմ ճիշտ այնպես, ինչպես ամենադաժան եղանակներով պայքարում են Չինաստանում։ Բայց այդ կայունության մեջ գլխավորը մարդկանց հանդեպ վերաբերմունքն է։ Ձեր պետությունն իր առջև նպատակ է դրել բավարարել մարդկանց պահանջմունքը, նրանց համար աշխատատեղեր ստեղծել, արժանավայել աշխատավարձ վճարել։ Եվ դուք շատ բանի եք հասել։ Ճիշտ այդպես էլ մենք։ Այսինքն, մենք մի ժամանակ սովորել ենք ձեզնից։ Դրա համար ինձ երկար ժամանակ քննադատում էին, բայց այսօր բոլորը համոզվել են, որ ես ճիշտ դուրս եկա։ ՈՒստի այդ կայունությունը մեզ օգնում է հաղթահարելու բոլոր դժվարությունները՝ և՛ ժամանակավոր, և՛ երկարաժամկետ։ Եվ դա անսասան է։ Սոցիալական կողմնորոշման տնտեսություն, շուկայական տնտեսություն՝ սա քննության առարկա չէ, մենք այդ ուղիով ենք ընթանալու։
ՀԱՐՑ- Բելառուսի Հանրապետությունն Արևելյան Եվրոպայի առանցքային պետություններից մեկն է, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության կարևոր գործոն։ Դրա վկայությունն այն է, որ ձեր մայրաքաղաք Մինսկում, այս հիանալի սրահում տեղի ունեցավ ՈՒկրաինայի հարավ-արևելքում տիրող իրադրության կարգավորման շահագրգիռ կողմերի հանդիպումը։ Ի դեպ, Դուք էլ անձամբ մեծ ջանքեր գործադրեցիք հակառակորդ կողմերին հաշտեցնելու համար։ Իսկ ի՞նչ եք Դուք, այնուամենայնիվ, կարծում, ինչո՞ւ ուկրաինական ճգնաժամը մինչև հիմա չի հարթվել, չի հաղթահարվել։ Ո՞րն է լինելու Բելառուսի Հանրապետության ապագա խաղաղարար դերը։
ՊԱՏԱՍԽԱՆ- Կարճ պատասխանեմ, որպեսզի ինքս ինձ չկրկնեմ. ուկրաինական ճգնաժամը մինչև հիմա հարթված չէ, այնտեղ մարմրում են պատերազմի «խանձողները» միայն այն պատճառով, որ այդ հակամարտության մեջ ներքաշված հիմնական դերակատար պետությունները կոնսենսուսի չեն հասել։ Երևի ՈՒկրաինայում ոչ բոլորն են այնքան խաղաղություն ուզում, ինչքան ուկրաինացի ժողովուրդը։ Դա ես վերագրում եմ և՛ ՈՒկրաինայի ղեկավարությանը, և՛ Ռուսաստանին, և՛ Եվրամիությանը, և՛ ԱՄՆ-ին։ Այ, եթե նրանք միասին՝ Եվրոպայի բոլոր շահագրգիռ պետությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և ՈՒկրաինայի ղեկավարությունը նստեն ընդհանուր սեղանի շուրջ... Ի դեպ, հենց նոր խոսելով արտաքին գործերի նախարարի հետ, ես նրանց առաջարկեցի կազմել ճանապարհային քարտեզ՝ շատ կարճ ժամանակի համար, և նրանց, ովքեր այնտեղ կռվում են, ստիպել դադարեցնելու պատերազմը։ Եթե մենք այդ բանը չանենք հիմա, հետո ավելի դժվար կլինի, քանի որ ուկրաինական հակամարտության սաստկացման միտում կա։ Վերջերս նույնիսկ Պորոշենկոն ասաց, որ ՈՒկրաինայի արևելքում պատերազմը կարող է վերսկսվել ամեն րոպե։ Այդ բանը թույլ տալ չի կարելի։ Դա պատերազմող կողմերին, հակամարտության մեջ ներքաշված կողմերին կհրահրի ընդունելու շատ կոշտ որոշումներ ու գործողություններ։ Սա նույնպես թույլ տալ չի կարելի։ Պատերազմն այդ մայր ցամաքում, այդ խտաբնակ և շատ կարևոր տնտեսական շրջանում անթույլատրելի է։ Սաստկացումը՝ առավել ևս։ ՈՒստի հարկավոր է բոլորով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ մենք պետք է ուկրաինացիներին խաղաղություն պարգևենք։

Դիտվել է՝ 17487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ